«Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) «Գլաձորբանկ» ՓԲԸ ընկերությունից ՀՀ ԿԲ-ի Խորհրդի 01.07.2003թ. թիվ 224Ա որոշմամբ վերագրանցվել է «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի, որը հանդիսանում է «Գլաձորբանկ» ՓԲԸ ընկերության իրավահաջորդը (լիցենզիա թիվ 5 , գրանցման վկայական` թիվ 5):
«Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, իր կանոնադրության և կանոնակարգերի իրավունք ունի իրականացնելու ունիվերսալ վարկային կազմակերպություններին բնորոշ բոլոր գործառնությունները: Ընկերությունը իր գործունեության ընթացքում համագործակցում է բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ վճարահաշվարկային հաստատությունների հետ, հաճախորդներին պատշաճ և որակյալ մակարդակով սպասարկելու նպատակով կնքում է պայմանագրեր:
Ընկերությունը տրամադրում է վարկեր և ֆինանսական խորհրդատվություն ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց: Ընկերությունը հաճախորդներին առաջարկում է կարճաժամկետ և երկարաժամկետ վարկեր ՀՀ դրամով և արտարժույթով`
• հիփոթեքային վարկեր` անշարժ գույքի ձեռք բերման, վերանորոգման և կառուցապատման նպատակով
• բիզնես վարկեր
• սպառողական վարկեր:
Ընկերության հիմնադիրները ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք են:
Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 1 616 700 հազ ՀՀ դրամ:
Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է:
Ընկերության ընդհանուր գործունեությունը կառավարվում է Ընկերության խորհրդի, իսկ ընթացիկ գործունեությունը գործադիր տնօրենի կողմից:
Ընկերության խորհուրդը բաղկացած է 4 անդամից, հետևյալ կազմով`
– խորհրդի նախագահ – Արման Աբրահամյան
– խորհրդի անդամ – «Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ գործադիր տնօրեն Աննա Դարբինյան
– խորհրդի անդամ – Էդիտա Գաբրիելյան
– խորհրդի անդամ – Արտակ Մարտիրոսյան
30.06.2023թ. դրությամբ ընկերության ընդհանուր ակտիվները կազմել են 2 632 910 հազ. դրամ, ընդհանուր պարտավորությունները` 243 563 հազ. դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` 2 389 347 հազ. դրամ:
30.06 2023թ դրությամբ աշխատակիցների թվաքանակը 15 է:
Տրամադրվող վարկի մեծության որևէ սահմանափակում վարկային կազմակերպության կողմից չի կիրառվում և այն պայմանավորված և կապակցված է.
- վարկի նպատակից,
- հաճախորդի վարկունակությունից,
- հաճախորդի կողմից առաջարկվող վարկի ապահովվածությունից,
- վարկային ռիսկի գնահատումից,
- ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված նորմատիվային դաշտի պահանջներից:
Տրամադրվող վարկերի ժամկետը
- կարճաժամկետ վարկեր` 1 ամսից մինչև 1 տարի մարման ժամկետով
- երկարաժամկետ վարկեր` 1-15 տարի մարման ժամկետներով:
Տոկոսադրույքի հաշվարկման կարգը
Վարկի օգտագործման համար վարկառուն վարկային կազմակերպությանը վճարում է տոկոս, որի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ, վարկի տրամադրման օրվանից` փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` տարին ընդունելով 365 օր: Առանձին ծրագրերի շրջանակներում վարկավորման դեպքում տարին կարող է ընդունել 360 օր:
Տոկոսագումարները վճարվում են վարկային պայմանագրում նշված ժամկետներում: Տոկոսների վճարման պարբերականությունը սահմանվում է վարկային պայմանագրի կամ մարման գրաֆիկի համաձայն:
Եթե վարկի կամ հաշվարկված տոկոսների մարման օրը համընկնում է հանգստյան օրերի հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրերին` հանգստյան օրերի համար չհաշվարկելով տույժ:
Վարկային պարտավորության մարումները
Վարկերը մարվում են այն ժամկետներում, որոնք նշված են վարկային պայմանագրում, անուիտետ եղանակով, որի դեպքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասար չափի գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից: Սակայն սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը: Ժամանակի ընթացքում այս բաշխումը փոքրանում է, այսինքն` մայր գումարի մեծությունը ամսական մարման մեջ մեծանում է, իսկ տոկոսագումարների մեծությունը փոքրանում է, սակայն ամսական վճարումները մնում են անփոփոխ:
Վարկերը մարվում են այն արժույթով, որով ձևակերպվել են:
Արտարժույթային վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Արտարժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում արտարժույթով տրամադրված վարկերի գծով փոխարժեքի փոփոխության ազդեցության ռիսկը կրում է վարկառուն:
Վարկային պարտավորության մարումները կատարվում են հաշվապահության կողմից հետևյալ հերթականությամբ`
- դատական ծախսերի գումարը (առկայության դեպքում),
- գրավի իրացման ծախսերը (առկայության դեպքում),
- հաշվարկված տույժեր,
- հաշվարկված տոկոսներ,
- վարկի մայր գումար:
Վարկային պայմանագրի դադարեցում
Վարկային կազմակերպությունը կարող է դադարեցնել վարկային պայմանագրի գործողությունը և ետ պահանջել վարկի գումարը, եթե`
- վարկառուն թերանում է կատարել վարկային պայմանագրով նախատեսված որևէ վճար,
- վարկառուն խախտում է իր կողմից կատարված որևէ հավաստիացում ու չի վերացնում այդ խախտումը դրա առաջացումից հետո 30 օրվա ընթացքում,
- եթե պարզվում է, որ վարկառուի կողմից տրված որևէ ներկայացում, երաշխիք, փաստաթուղթ կամ տեղեկություն էապես թերի է,
- եթե վարկային կազմակերպության հիմնավորված գնահատականով տեղի է ունեցել վարկառուի ֆինանսական վիճակի էական բացասական փոփոխություն, ներառյալ` դատական պահանջներ, ակտիվների արտահոսք, բիզնեսի վատթարացում կամ դադարացում, ընկերության վերակազմավորում,
- եթե վարկառուն լուծարվում է և նրա նկատմամբ սկսված է կամ վերահաս է սնանկության գործընթաց,
- եթե վարկառուն խոչընդոտում է մոնիտորինգի անցկացմանը:
Ժամկետանց վարկ և ժամկետանց տոկոս
- Վարկը կամ դրա մի մասը, ինչպես նաև հաշվարկված տոկոսագումարները համարվում են ժամկետանց, եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեն մարվել:
- Վարկը ժամկետանց անցնելու օրվանից անվանական տոկոսադրույքի հաշվարկումը չի դադարում, և, միաժամանակ, ժամկետանց գումարի մնացորդի նկատմամբ կիրառվում է տույժ՝ օրական 0.06%-ը:
- Ժամկետանց տոկոսագումարի գծով հաշվարկվում է տույժ՝ օրական 0.07%:
Վարկային գործի վերաբերյալ բացասական եզրակացության հիմքերն են.
- դիմելու պահին հաճախորդի ֆինանսական դրության վերլուծության արդյունքների անհամապատասխանությունը սույն կարգի և այլ իրավական ակտերի չափանիշների,
- ներկայացված ծրագրի անբավարար շահութաբերությունը և բարձր ռիսկայնությունը,
- վարկի օգտագործման նպատակների թերհիմնավորումը,
- ներկայացված փաստաթղթերի անարժանահավատությունը,
- վարկի ապահովության անբավարար իրացվելիությունը,
- ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրի կողմից տրված բացասական վարկային պատմությունը,
- հաճախորդի գործունեությունից շրջակա միջավայրի աղտոտումը կամ վնասումը,
- այլ պատճառներ:
Ապահովվածությունը
Վարկային կազմակերպությունը տրամադրում է ապահովություն ունեցող վարկեր: Տրամադրված վարկերը համարվում են ապահովվածություն ունեցող եթե բավարարված են հետևյալ պայմաններից գոնե մեկը.
- ապահովված են գրավով կամ վարկային կազմակերպության կողմից ընդունելի երաշխավորությունով, որի հետ կնքված է երաշխավորության պայմանագիր,
- ապահովված են վարկի վերադարձելիությունը հիմնավորող գործարար ծրագրով, պայմանագրերով կամ այլ հիմնավոր փաստաթղթերով,
- ապահովված են վարկառուի ֆինանսական վիճակը բնութագրող բավարար տեղեկատվությամբ,
- ապահովված են վարկառուի ֆինանսական հոսքը բնութագրող բավարար տեղեկատվությամբ:
Վարկային կազմակերպության համար որպես գրավի առարկա կարող է հանդիսանալ`
- անշարժ գույք` հողամասեր, շենքեր շինություններ, բնակարաններ, առանձնատներ.
- հիմնական միջոցներ,
- շրջանառու միջոցներ,
- ավտոմեքենաներ,
- պետական պարտատոմսեր, արտարժույթ, բաժնետոմսեր,
- ապագայում ձեռք բերվելիք գույքը և իրավունքի գրավը,
Վարկային կազմակերպության համար գրավի առարկա չի կարող հանդիսանալ`
- շրջանառությունից հանված գույքը,
- անբաժանելի գույքի առանձին մասերը
- վարձակալության իրավունքը,
- այլ պայմանագրով այլ ֆինանսական կազմակերպություններում արդեն գրավադրված գույքը քաղաքային գյուղական և թաղային համայնքների, սեփականության իրավունքով պատկանող գույքը:
Գրավադրված գույքի իրացում
- գրավադրված գույքը իրացվում /վաճառվում/ է հրապարակային սակարկությունների միջոցով` <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով:
- նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագրով կամ գրավատուի և գրավառուի միջև կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ կարող է սահմանվել գրավ դրված գույքի իրացման /վաճառքի/ այլ կարգ:
- գույքի իրացման /վաճառքի/ դեպքում գրավատուն նախապես գրավոր տեղեկացվում է գրավառուի կողմից:
- վարկային կազմակերպության համաձայնությամբ գրավատուն իրավունք ունի իրացնել գույքը: Իրացման արդյունքում գումարը առաջնահերթ ուղղվում է վարկային պարտավորության մարմանը: